Գրականություն

Հայկ և Բել – Արա Գեղեցիկ և Շամիրամ

<<Հայկ և Բել>> առասպելի բովանդակությունը

Հայկի և Բելի մասին առասպելը, պատմականանալով, կապվել է հայկական ցեղերի կամ նախահայրերի և նրանց հարավային հարևանների հետ և վերածվել է դյուցազնավեպի։ Աղեղնավոր Հայկը հայ ցեղի նախնին է, իսկ բռնակալը Բելը՝ սեմական ժողովուրդների արեգակնային աստվածը կամ Ասորեստանի թագավորը։ Վերջինս հպատակեցնում է բոլոր հսկաներին ու ժողովուրդներին։ Հայկը չի հպատակվում նրան: Իր տոհմով Բաբելոնից գալիս է Արարադ երկիրը, ապա անցնում է Հարք, հիմնում իր անունով բնակավայր՝ Հայկաշեն և բնակվում այնտեղ։ Տիտանյան Բելը դեսպան է ուղարկում Հայկի մոտ՝ առաջարկելով հնազանդություն և խաղաղություն։ Հայկը մերժում է: Բելը մեծ զորքով մտնում է Արարադ երկիրը։ Ճակատամարտում Հայկն իր երեքթևյան նետով սպանում է Բելին։

Ինչ է առասպելը

Առասպել, միֆ, ժողովրդական բանահյուսության վիպերգական ժանրերից մեկը, որի մեջ գերբնական ու չափազանցված ձևով արտացոլվել են հնագույն ժողովուրդների կյանքի կարևորագույն դեպքերը, աշխարհի վերաբերյալ մարդկանց պատկերացումներն ու ընկալումները։

<<Արա Գեղեցիկ և Շամիրամ>> առասպելի բովանդակությունը:

Հայոց արքա Արամի մահից հետո Հայաստանի խնամակալությունը անցնում է նրա որդուն՝ Արա Գեղեցիկին։ 
Ասորեստանում այդ ժամանակ թագավորում է Նինոս արքան, որը բարձր շնորհների է արժանացնում Արային, ինչպես որ ժամանակին՝ նրա հորը: Սակայն Նինոսի տարփասեր կինը՝ Շամիրամը, վաղուց ի վեր լսած լինելով Արայի գեղեցկության մասին, ողջ հոգով տենչում է տեսնել նրան, և սակայն ամուսնու ահից չի համարձակվում անել դա։

Ասորեստանի թագուհին բանբերներ է ուղարկում Արա Գեղեցիկի մոտ, ճոխ ընծաներով, բազում աղերսանքներով ու խոստումներով՝ նպատակ ունենալով համոզել Արային այցելել Նինվե, և այստեղ կա´մ ամուսնանալ իր հետ և բոլորի վրա թագավորել, 
կա´մ էլ հագուրդ տալ իր փափագին և մեծամեծ ընծաներով ու խաղաղությամբ վերադառնալ Հայոց աշխարհ։

Շամիրամը փորձում է իրագործել իր ծրագիրը, բայց Արան նրան միանգամից մերժում է, հետագայում Շամիրամը ևս մի քանի անգամ փորձում էր գործը գլուխ բերել, բայց աննդհատ անհաջողություններից հետո Շամիրամը զայրանում է և որոշում է պատերազմել Արայի հետ, հավաքում է իր զորքը և գնում Հայոց աշխարհ: Շամիրամը գալիս է Արայի դաշտը, որ հետագայում հայ թագավորի անունով կոչվում է Այրարատ։ Սակայն կռվում Արայի զորքը կոտորվում է, իսկ Արան՝ ընկնում ռազմի դաշտում։ Իսկ երբ գրգռված հայոց զորքը պատրաստվում է նորից մարտնչել Շամիրամի դեմ Արայի մահվան վրեժն առնելու համար, Շամիրամն ասում է նրանց, որ հրամայել է իր աստվածներին լիզել նրա վերքերը և հարություն տալ թագավորին:

Երբ դիակն սկսում է քայքայվել, Ասորեստանի թագուհին գաղտնի թաղում է Արային, իր փեսացուներից մեկին է տալիս Արայի հանդերձանքը և լուր է տարածում, թե արալեզները հարություն են տվել նրան։Շամիրամը արձան է կանգնեցնում Արային «հարություն տվող» աստվածների պատվին և առատ զոհաբերություններ է մատուցում նրանց։ Արայի հարության լուրը տարածելով Հայոց աշխարհում և բոլորին համոզելով՝ Շամիրամը հանդարտեցնում է ժոդովրդի խռովքը։

Leave a comment