...

Ֆռանսիական ժողովրդական հեքիաթներ

Ժամանակով մի ջրաղացպան է լինում: Էս ջրաղացպանը որոշում է մի էշ առնել, որ ամեն շաբաթ էշին նստած գնա քաղաքի շուկան: Որոշում է ու առնում: Էշն իր համար հանգիստ ապրում էր: Շաբաթվա մեջ միայն մի օր էր աշխատում՝ շաբաթ օրը: Հենց որ շաբաթը գալիս էր՝ էշը ջրաղացպանին ու նրա աղջկան տանում էր քաղաք, իսկ իրիկունը, նրանց շալակած, նորից վերադառնում էր գյուղ: Դա շատ հեշտ ու հանգիստ կյանք էր: Ախոռում էշը մի ընկեր ուներ՝ մի նիհար, խեղճուկրակ եզ: Էս խեղճ անասունի կյանքն էլ մի կյանք չէր, դեռ ավելի դժվար էր: Ամեն օր, լույսը չբացված, եզը գյուղից դուրս էր գալիս, գնում ջրաղացպանի արտերը վարում, մութն ընկնելուն պես, հոգնած-ջարդված իրեն մի կերպ ախոռ էր գցում, վեր ընկնում: Ու եզն անընդհատ սրտնեղում էր աշխարհքի բանից, անարդարությունից, աշխատանքի անհավասար բաժանումից: Մի օր էլ նա էշին ասում է.

– Դու շատ բախտավոր էշ ես, դու քո գլխի տերն ես. ցերեկը պառկում ես, իրիկունը քո քեֆին ման ես գալիս, իսկ իմ հալը չի. արևի տակ աշխատացնում են, անձրև է գալիս՝ աշխատացնում են, հանգիստ-դադար չեն տալիս: Միայն շաբաթ օրն եմ հանգստանում, երբ դու ջրաղացպանին քաղաք ես տանում: Չէ, բախտավոր են քեզպեսները, որ քիչ են աշխատում:

Էշը, որ էությամբ ավելի խորամանկ է, քան սովորաբար կարծում են, պատասխանում է.

– Եզ ախպեր, արի քեզ մի խորհուրդ տամ: Եթե չես ուզում աշխատել, հիվանդ ձևացիր: Իրիկունը, երբ ախոռապանը քեզ վարսակ բերի, մի կեր: Մի քանի օր որ չուտես, կնիհարես, հալից կընկնես: Տերը որ տեսնի թույլ ես ու հիվանդ, քեզ գործի չի դնի ու դու հանգիստ կմնաս: Քո ուզածն էլ էդ է:

– Էշ ախպեր, ճիշտ ես ասում, ոնց որ ասում ես, էնպես էլ կանեմ:

Իրիկունը ախոռապանը մտնում է ախոռ, տեսնում է եզի տրամադրությունը լավ չի, ախորժակ էլ չունի: Գնում է ջրաղացպանին ասում: Սա էլ իր հերթին է գնում ախոռ, որ իր աչքով տեսնի: Տեսնում է, իսկապես, եզի հալը հալ չի: Եվ ախոռապանին ասում.

– Լսի՜ր, այ տղա, վարը հո չե՞նք կարող կիսատ թողնել: Պետք է շուտ վարենք, պրծնենք, արդեն ցանք անելու ժամանակն է: Քանի որ եզը հիվանդացել է, էգուց էշին կլենք:

– Ի-ա՜, ի-ա՜, — կամաց զռում է էշը, — էս ի՞նչ օյին բերի իմ գլխին:

Հաջորդ առավոտյան էշին են լում: Ամբողջ օրը վար է անում, քրտինքի մեջ կորչում: Երեկոյան հոգնած, ջարդված, ծնկները թուլացած գալիս է, մտնում ախոռ: Նրա ընկերը, եզի երանությունը դեմքին, սկսում է ծաղրել էշին: Էշը որոշում է որքան հնարավոր է շուտ գլխի ճարը տեսնել: Իսկ եզը ծիծաղելով ասում է.

– Հը՞, ո՞նց է, էշ ախպեր: Աշխատանքդ հո շատ ծանր չէ՞: Հիմա դու զգո՞ւմ ես իմ ու քո տարբերությունը: Դու աշխատում ես, ես՝ հանգստանում: Էգուց դու էլի կաշխատես, ես էլի կհանգստանամ:

– Է՜, հանգստացի՜ր, հանգստացի՜ր, — պատասխանում է էշը: — Բայց իմացած եղիր, որ դա երկար չի տևի: Էսօր դաշտում ջրաղացպանը ախոռապանին ասում էր. «Եթե եզը ոչինչ չուտի ու չկարողանա աշխատել, հենց էգուց սպանդանոց կտանես: Թող մորթեն, պրծնենք»:

– Վա՜յ, էդ ի՞նչ ես ասում, — անհանգստանում է եզը: — Ես չեմ ուզում, որ ինձ մորթեն: Ավելի լավ է ուտեմ ու աշխատեմ: Արի միասին ուտենք, ուժներս տեղը գա:

Երեկոյան, երբ ախոռապանը կեր է բերում, սոված եզը վրա է ընկնում և սկսում այնպես խժռել, որ կարծես նրան օրերով կեր չէին տվել: Ախոռապանը ուրախ-ուրախ վազում է և տիրոջն ամեն ինչ պատմում: Դրանից հետո էշը նորից սկսում է ապրել իր անհոգ կյանքով: Իսկ եզը ամեն առավոտ, հոժարակամ լծվելով, գյուղից դուրս է գալիս ու գնում դաշտերը:

...

Կանաչ եղևնին-հեքիաթ

tonacar-2-169x300(1)

Զմրուխտ  գարունն  էր  հյուր  եկել  բնությանը:  Այգում  ու  անտառներում քաղցրահնչյուն  երգում  էին  թռչունները:  Արևը  իր  ջերմ  ժպիտով  ողջունում  էր  նորաբաց  բողբոջներին:  Բնությունը  զարթոնք  էր  ապրում:Ծեր  այգեպանն  իր  այգում  մի  փոքրիկ  եղևնի  տնկեց՝  հազիվ  մեկ եղևնի: Եղևնին  նման  էր  կանաչ  հանդերձ  հագած,  շփոթված  երեխայի:  Արևի  շողերը  հազիվ  էին  հասնում  նրան:  Մի  մեծ,  հզոր  բարդի  իր  ճյուղերով  փակել  էր  արևի  ճանապարհը: Եղևնին  տխրում  էր  արևի  կարոտից: Նա  բարձրահասակ  բարդու  ստվերի  տակ  իրեն  զգում  էր  խեղճ  ու  անօգնական:

Մի  օր  էլ  փոքրիկ  եղևնին  չդիմացավ  ու  սկսեց  բարձրաձայն  արտասվել:  Հպարտ  բարդին  լսեց  նրա  լացի  ձայնը  ու  հարցրեց.

-Ինչո՞ւ  ես  լաց  լինում,  այգեպանը  լացկաններին  չի  սիրում:

-Ես  լացկան  չեմ,  բայց  արևի  շողերը  ինձ  չեն  հասնում  եվ  ես  վախենում եմ,  որ  միշտ  փոքրիկ  կմնամ:  Իսկ  ես  այնքա ՜ն  եմ  ուզում  մեծանալ,  գեղեցիկ  ծառ  դառնալ,-ասաց  փոքրիկ  եղևնին:

Բարդին  արհամարհանքով  վերևից  քմծիծաղ  տվեց.

-Մի  քեզ  նայի՛ր, քո  թույլ  ճյուղերին:  Դու  չես  կարող  մեծանալ: Իսկ  հիմա  ինձ  նայի՛ր:  Տե՛ս,  թե  որքան  հզոր  եմ  ու  ուժեղ:  Եվ  այնքան  պիտի  բարձրանամ,  որ  ճյուղերս  երկինք  հասցնեմ:

Փոքրիկ  եղևնին  ավելի  կծկվեց  ու  ինքնամփոփ  դարձավ: Այդպես  անցավ  գարունը  և  եկավ  շոգ  ամառը:  Բարդու  սաղարթն  ավելի  փարթամացավ:  Արևի   ճառագայթները  չէին  կարողանում  ճեղքել  նրա  հզոր  ճյուղերը,  որպեսզի  հասնեն  եղևնուն:  Իսկ  փոքրիկ  եղևնին  այնքա՜ն  էր  ուզում  աճել  ու  մեծանալ:

Եղևնին  կրկին  սկսեց  կամացուկ  հեծկլտալ:  Անպատկառ  բարդին  շրջվեց  և  գոռաց  նրա  վրա.

-Ի՞նչ  ես  նորից  նվնվում:

Եղևնին  լացակումած  շշնջաց.

-Խնդրում  եմ, խղճա՛  ինձ, մի  քիչ  բացի՛ր  ճյուղերդ: Թող  արևը  ինձ  էլ  հասնի:

-Այդ  էր  պակաս, որ  քեզ  նման  խղճուկի  համար  նեղացնեմ  իմ  ճյուղերին,-հոխորտաց  բարդին:

Փոքրիկ  եղևնին  ձայնը  կտրեց: Ամառն  էլ  անցավ  ու  եկավ  ոսկեհեր  աշունը: Բարդին  աշնանային  զգեստ  հագավ: Նրա  կանաչ-դեղին  տերևները  անհոգ  խաղում  էին  իրար  հետ: Բայց  ահա  խոր  աշնան  անսիրտ  քամին  պոկոտեց  բարդու  տերևներն  ու  ցաքուցրիվ  շպրտեց  դեսուդեն: Բարդին  լրիվ  մերկացավ  ու  սկսեց  դողալ:  Ալեհեր  ձմեռն  իր  ցուրտ  շնչով  սառեցրեց  ողջ  բնությունը: Բարդին  սարսռաց  ցրտից  ու  նրա  բնին  արցունքի  սառած  բյուրեղներ  երևացին: Բարդին  նայեց  փոքրիկ  եղևնուն, որ  դեռ  կանաչ  էր  ու  չէր  մրսում:

-Խնդրում  եմ, գրկի՛ր  իմ  բունը, թե  չէ  ես  կմեռնեմ  ցրտից,-հուսահատ  աղերսեց  բարդին:

-Երբ  ես   լալիս  էի, դու  ինձ  չէիր  օգնում: Երբ  ես  խնդրում  էի, դու  չէիր  լսում  իմ  ձայնը: Բայց  ես  կօգնեմ  քեզ:  Չէ՞  որ  մենք  բոլորս  մեր  մայր  բնության  զավակներն  ենք,-ասաց  եղեվնին:

Փոքրիկ  եղևնու  բարի  սիրտը  լցվեց  խղճահարությամբ  և  նա  իր  մատղաշ, կանաչ  ճյուղերով  փաթաթվեց  ու  գրկեց  բարդու  սառած  բունը: